21 հուլիսի 2016 - 14:47 AMT
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն նոր մագիստրոսական ծրագիր է սկսում Սլավոնական համալսարանում

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) ուսանողների և դիմորդների համար բացում են մագիստրատուրայի «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» նոր ծրագիրը։ Տեղեկատվական անվտանգության բնագավառի մագիստրոսների պատրաստումը ենթադրում է ուսման երկամյա առկա ձևաչափ և մեկնարկում է արդեն 2016 թվականի սեպտեմբերի 1-ին։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն և ՀՌՀ-ն համատեղ մշակել են մագիստրատուրայի կրթական ծրագիրը։ Բացի այդ, ընկերության մասնագետները կդասավանդեն մի շարք մասնագիտական առարկաներ։

ՀՌՀ-ում տեղեկատվական անվտանգության գծով մագիստրատուրայի բացման մասին պաշտոնապես հայտարարվել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի և համալսարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրման շրջանակում։ Անձնական հանդիպման ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին և ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել են կազմակերպությունների միջև փոխշահավետ հարաբերությունները զարգացնելու և համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու մտադրություն։ Բացի այդ, ՀՌՀ ռեկտորը Եվգենի Կասպերսկուն պաշտոնապես շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

«Մեր համալսարանը մշտապես գտնվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման ոլորտի առաջավոր դիրքերում, և մենք շարունակում ենք ավելացնել հզորություններն այդ ոլորտում։ Նոր ուսումնական տարվա սկզբից հասանելի կլինի նոր մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակում մենք կկարողանանք պատրաստել տեղեկատվության պաշտպանության բնագավառի մասնագետներ։ Դա շատ կարևոր իրադարձություն է ոչ միայն համալսարանի, այլև երկրի համար, քանի որ հայկական ընկերություններն այսօր ունեն տեղեկատվական անվտանգության մասնագետների սուր պակաս։ Եվ այն, որ նրանց պատրաստումն իրականացվելու է հենց մեր համալսարանում և կիբեռանվտանգության ոլորտի ամբողջ աշխարհում հանրահայտ առաջատարի՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնակցությամբ, մեծ պատիվ է մեզ համար»,- հայտարարել է Արմեն Դարբինյանը։

Եվգենի Կասպերսկին, իր հերթին, նշել է. «Կիբեռսպառնալիքները մշտապես էվոլյուցիա են ապրում, նրանք դառնում են ավելի բարդ, թաքնված և վտանգավոր, այդ պատճառով մենք միշտ պետք է կիբեռհանցագործներից մեկ քայլ առաջ լինենք։ Եվ վերջին 20 տարիներին մենք կուտակել ենք գիտելիքների և փորձի հսկայական պաշար՝ ինչպես կիբեռհարձակումներից պաշտպանության համակարգերի ստեղծման, վնասաբեր ամենաառաջ անցած ծրագրային ապահովման հայտնաբերման, այնպես էլ կիբեռմիջադեպերի հետաքննությունների անցկացման ոլորտներում։ Մեր ասպարեզի գլոբալ խնդիրներից մեկը որակյալ մասնագետների սակավությունն է. նրանց պակասն զգացվում է ամբողջ աշխարհում։ Հենց այդ պատճառով մենք շատ ենք կարևորում այդ ոլորտի կրթական ծրագրերին աջակցությունը։ Մենք մեծ հույսեր ունենք, որ արդեն շատ շուտով նոր մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կսկսեն ակտիվորեն փրկել աշխարհը կիբերսպառնալիքներից։ Այս ոլորտում աշխատանքն անսպառ է»։