21 հուլիսի 2016 - 18:12 AMT
ՌԴ ԱԳՆ. Եթե Թուրքիան Ղարաբաղի մասով կառուցողական ասելիք ունի՝ խնդիր չկա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցելու հավանականության վերաբերյալ:

«Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև այլ հակամարտությունների, Թուրքիայի (և ոչ միայն) միանալու հարցը կարելի է դիտարկել միայն այդ տեսանկյունից՝ որպես կառուցողական համագործակցություն», - ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան որևէ խնդիր չի տեսնի Անկարայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միանալուն, պայմանով, որ Թուրքիան կամ նրա պաշտոնական ղեկավարությունն ինչ-որ դրական բան կարող է բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց:

Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի ձևաչափով, որի համանախագահներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Մինսկի խմբի մեջ են մտնում նաև Թուրքիան, Իտալիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Շվեդիան, Գերմանիան,Հայաստանը և Ադրբեջանը: