22 հուլիսի 2016 - 10:25 AMT
Սերժ Սարգսյան. Հայ-ամերիկյան հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և մեծապես կարևորել կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և համագործակցության զարգացման հեռանկարին, խոսել ապագային միտված հարցերի մասին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան համակարծիք են եղել, որ հայ-ամերիկյան ներկայիս հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև կրում է մշտական և արդյունավետ բնույթ: