10 ապրիլի 2007 - 20:53 AMT
Կատարվել է «Կովկաս»-Փոթի լաստանավային փորձնական նավարկությունը
Այսօր Ռուսաստանի «Կովկաս» նավահանգստից Փոթի ժամանեց առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին Փոթիից հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը: Նրա վկայությամբ` 10-֊15 օրից կսկսվի լաստանավի մշտական նավարկությունը:

Ինչպես հայտնվում էր, «Կովկաս-Փոթի» լաստանավային ուղու բացումը նախատեսվում էր մարտի կեսերին իրականացնել, սակայն տեխնիկական պատճառներով տեղափոխվել էր ավելի ուշ ժամկետի: Նավահանգիստ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցության մեջ կգործարկվի երկու լաստանավ, որոնք երթեր կկատարեն շաբաթական երկու անգամ: Լաստանավի տարողությունը կազմում է 50 վագոն, սակայն կարելի է բարձել նաեւ 340 կոնտեյներ կամ 86 ավտոմեքենա: 150 մ երկարությամբ եւ 22 մ լայնությամբ մեկտախտակամածանոց լաստանավի բեռնման տեւողությունը ընդամենը մեկ ժամ է կազմում, այն դեպքում, երբ մյուս լաստանավերի բեռնումը տեւում է 8-12 ժամ: Նախատեսվում է ընթացիկ տարում այդ ընկերության լաստանավերով փոխադրել 120 հազար տոննա բեռ, որ ներկրում է Հայաստանը եւ 12 հազար տոննա հայկական արտահանման հոսքից: