11 ապրիլի 2007 - 13:42 AMT
Թ.Աքչամ. Հայոց ցեղասպանությունը դարձավ Օսմանյան Թուրքիայում էթնիկ զտումների գագաթնակետը
Շուրջ 300 ուսանողներ, դասախոսներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ էին հավաքվել Նյու Ջերսիի Ռամապո քոլեջում, լսելու համար թուրք պատմաբան Թաներ Աքչամի դասախոսությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Մեկ ժամից ավելի Աքչամը պատմում էր 1915-1917 թթ. Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրության հայ բնակչության հանդեպ քաղաքականության մասին, որը կյանքի կոչվեց Առաջին համաշխարհային պատերազմի շեմին, պահպանելու համար թուրքերի գերիշխանությունը փլուզվող կայսրության մեջ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Թաներ Աքչամը դարձավ այն առաջին թուրք ակադեմիկոսներից մեկը, որոնք ճանաչում եւ բացահայտորեն դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Պատմաբանի ելույթը հիմնված էր նրա վերջին «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունն ու թուրքական պատասխանատվության հարցը» գրքի վրա: Գրքի հրատարակումը ողջունեց գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որն ասել է.«..սա օտտոմանյան հայերի կազմակերպված ոչնչացման վերաբերյալ վերջնական հաշվետվություն է, գրված խիզախ թուրք գիտնականի կողմից, որն իր կյանքն է նվիրել իրադարձությունների ժամանակագրությանը»:

Օգտվելով օտտոմանյան պահոցներից, ինչպես նաեւ այն պահոցներից, որոնք դեռեւս հասու չեն պատմաբաններին, Աքչամը սահմանել է Հայոց ցեղասպանության շրջանակները թուրքական ազգայնամոլությամբ: Նա ցույց տվեց կայսրությունը փլուզման վիճակում, ցույց տվեց մի կայսրություն, որը լի էր տարաձայնություններով եւ հակասություններով: Աքչամի հետազոտությունը հաստատում է, որ պետության փլուզումը խթան հանդիսացավ կայսրության ուշադրությունը էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին սեւեռելու համար:

«Թուրք կառավարությունը որդեգրեց «էթնիկ զտման» քաղաքականությունը, որի արդյունքում հույներն ու ալբանացիները արտաքսվեցին Թուրքիայի հարավ-արեւմուտքից, իսկ մահմեդական քրդերը, ասիացիներն ու արաբները վերաբնակեցվեցին Թուրքիայի արեւելքում իրենց մշտական բնակության վայրից եւ թրքացվեցին: Այդ գործընթացի գագաթնակետը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ շուրջ միլիոն ու կես հայեր սպանվեցին եւ արտաքսվեցին»,-նշել է Թաներ Աքչամը:

1977 թվականին Թաներ Աքչամը ստիպված էր լքել Թուրքիան: 1988-ից ի վեր նա ապրում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: 2002 թվականից նա ԱՄՆ-ի Միննեսոտայի համալսարանի պրոֆեսոր է: