23 հուլիսի 2016 - 14:56 AMT
3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ անկարգություններին մասնակցության համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած, իրենց գործողություններով սադրած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 22-ին 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ անկարգություններին մասնակցություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, հարցաքննվում են անկարգությունների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հստակեցվում են մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, պարզվում՝ անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասի չափը։

Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացvi պարբերաբար։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին բոլոր պատանդներն ազատ են արձակվել: