25 հուլիսի 2016 - 16:30 AMT
ՌԴ Անվտանգության խորհրդի փորձագետներն ուսումնասիրում են երևանյան իրադարձությունները

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փորձագետներն ուշադրության կենտրոնում են պահում Երևանում ՊՊԾ գնդի գրավման շուրջ իրավիճակը, ինչպես նաև՝ Ալմա-Աթայում ոստիկանական բաժանմունքների դեմ գրոհները, Թուրքիայում հեղաշրջման փորձը, Ֆրանսիայում ու Գերմանիայում իրադարձությունները:

Այդ մասին է ասվում ՌԴ ԱԽ մամուլի հաղորդագրությունում:

«ԱԽ-ին կից գործում է ՊՀ խնդիրների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողով, համաշխարհային խնդիրների ու միջազգային անվտանգության գիտական խորհուրդ: Ահաբեկչությանը հակազդման խնդիրները ներառվում են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ երկկողմ ու բազմակողմ հանդիպումների օրակարգերում», - ասվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին: