26 հուլիսի 2016 - 14:39 AMT
Բաքվում հայազգի ռուսաստանցու են ձերբակալել. ԴԴ դեսպանատունն ասում է՝ ազգությունը խոչընդոտ է օգնելուն

Ռուսաստանի դաշնության քաղաքացի Մարատ Ուելդոնով-Գալուստանը Բաքու ժամանելով հայտնվել է բանտում:

Ուելդանովն, ով ավստրիական մի ընկերության աշխատակից է, Բաքու էր ժամանել հունիսին, գործուղման: Նա ձերբակալվել էր ադրբեջանական քրեական օրենսգրքի 234 հոդվածով մեղադրանքով՝ թմրանյութ շրջանառելու մեղադրանքով:

Ի պատասխան ընտանիքի բողոքներին, ՌԴ դեսպանատունը փաստացի հաստատել է հետապնդման ազգային դրդապատճառը: Դեսպանատանն առաջարկել են ըմբռնումով մոտենալ երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Ադրբեջանը հաճախակի է ձերբակալում կամ արգելում հայազգի օտարերկրացիների մուտքը երկիր: 2016-ի մայիսին երկիր չէին թողել հայկական ազգանունով 8-ամյա երեխայի, 2011-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հրաժարվել է փոխադրել հայկական ազգանունով ուղևորին, նմանատիպ դեպք էր պատահել նաև «Ավտովազի» փոխտնօրեն Սերգեյ Գյուրձյանի հետ: