26 հուլիսի 2016 - 15:18 AMT
ԻԻՀ նախարար. Հայաստան առաքվող գազի ծավալը կաճի, ՀՀ տարածքով գազ կարտահանվի Վրաստան

Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարարը հուլիսի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ 2018թ. վերջին ներկայում Հայաստան առաքվող գազի ծավալները երեք անգամ կավելանան, օրական 1 մլն. խմ. հասնելով 3 միլիոնի, «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը:

Ըստ «ԻՍՆԱ»-ի՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լրագրողներին ասել է, որ Թեհրանում ունեցած հանդիպման կարևորագույն թեմաներից մեկը եղել է իրանական գազը Հայաստանի տարածքով առաքելու հարցը:

Իրանի նավթի նախարարն էլ, անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցին, մասնավորապես նշել է. «Իրանը վրացական մի գնորդ կազմակերպության հետ փորձնական պայմանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքով փոքր քանակությամբ իրանական գազ կարտահանվի Վրաստան»:

2004-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, նպատակ ունենալով ընդլայնել բնական գազի ներկրման ռեսուրսների բազան: Իրանական գազն առաջին անգամ առաքվեց Հայաստան գազամուղով 2009 թվականի մայիսի 15-ին: Ըստ պայմանավորվածության իրականացվում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը:

Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որը ստեղծվել է 1997-ին: Գազը Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով: