27 հուլիսի 2016 - 10:31 AMT
Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարանում պայթյունից 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան

Ադրբեջանական Շիրվան քաղաքում «Արազ» ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել:

Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը։

Գերատեսչության տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մահացել են գործարանի երկու աշխատակից՝ Ագամիր Մամեդովը և Իլհամա Նուրիևան: Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 24 մարդ: Ինչպես հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, քաղաքի հիվանդանոցում այժմ գտնվում է տասը մարդ, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Զինամթերքի արտադրմամբ զբաղվող գործարանում հզոր պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին: Սկզբնական շրջանում զոհերի մասին չէին հայտնում: