ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հաջողված է: «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասի հակամարտությունները, այդ թվում նաև՝ ԼՂ-ինը, և փորձելու է աջակցել դրանց խաղաղ կարգավորմանը:
ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Վիլիամ Լահուն էլ հաստատել է, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հետ նրանք ունեն համագործակցության ուրույն տարբերակներ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է:
Քննարկման մասնակից Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին ասել է, որ իրենց նպատակն է ամուր պահել Արևելյան գործընկերությունը, և այդ կոնտեքստում ՆԱՏՕ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերում: Նա խոսել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունների մասին՝ նշելով, որ ՌԴ-ին պետք է որպես գործընկեր, այլ ոչ թե բարեկամ վերաբերել. «Որովհետև Ռուսաստանը բռի, անկանխատեսելի քաղաքականություն է վարում»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն էլ նշել է , որ Հայաստանի համար շատ դրական ու գնահատելի պետք է լինի, որ Հայաստանն այս անգամ էլ ամենաբարձր մակարդակով մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թբիլիսիում ՆԱՏՕ-ի հետ կապերի գասենյակի և Հայաստանում Լեհաստանի ու Գերմանիայի դեսպանությունների աջակցությամբ հուլիսի 27-ին կազմակերպել է «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո.հետևանքները Հայաստանի համար» սեմինարը: