28 հուլիսի 2016 - 11:39 AMT
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ենիգոմշյանը ձերբակալվել է

«Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Փաստաբանն ասել է, որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ինքը դիմել է Օմբուդսմենին և այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հուլիսի 27-ին ոստիկանության շենքը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի երկու պահանջն է ներկայացրել:

Առաջինը տարածքում բժիշկների հերթափոխությունն է.

«Ներսում ներկա է գտնվում բժիշկ, ոստիկանությունը հայտարարում է, որ պատանդ են վերցվել, նման բան բացարձակապես չկա: Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին էր, այնպես էլ այժմ, լինի բժշկական բրիգադի հերթափոխ: Պարտադրանքի գործադրմամբ բժշկին ներսում պահելու խնդիր չկա: Նրանք պահանջում են, որ գա փոխարինող բրիգադը, և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշկը դուրս գա, բրիգադներն իրար փոխարինեն», - պարզաբանել է Ենիգոմշյանը: Նա նաև պնդել է, որ խմբի կողմից Շտապօգնության բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը սուտ է:

Նա նաև ներկայացրել է «Սասնա ծռերի» երկրորդ պահանջը՝ ուղղված պատգամավորներին.

«Պատգամավորները պետք է խիստ պահանջ ներկայացնեն ուժայիններին, որպեսզի նրանք թույլ տան հանդիպել տղաներին: Հորդորում եմ պատգամավորներին դիմել ոստիկաններին՝ գնդի տարածք մուտք գործելու պահանջով»: