28 հուլիսի 2016 - 12:36 AMT
Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Երևանում բժիշկներին պատանդ պահելուն

Միջազգային մամուլը հուլիսի 27-ին անդրադարձել է Էրեբունու ՊՊԾ-ն զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գնդի տարածքում Շտապօգնության բժիշկներին պատանդ վերցնելու հանգամանքին:

Ընդդիմությանը հարող զինյալները, ովքեր շարունակում են առճակատման մեջ մնալ ոստիկանության հետ Երևանում, պատանդ են վերցրել չորս բժիշկի: Դրանից առաջ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հինգ մարդ վիրավորվել էր: Այսպես է գրում բրիտանական The Guardian-ը՝ ներկայացնելով Երևանի Էրեբունի վարչական շրջանի ՊՊԾ գնդում հուլիսի 17-ից շարունակվող իրավիճակի մանրամասները:

«Երկու բժիշկները և երկու բուժքույրը պատանդի կարգավիճակում են պահվում այն բանից հետո, երբ նրանք մուտք էին գործել ՊՊԾ տարածք՝ այնտեղ գտնվող երկու վիրավորին օգնություն ցույց տալու համար», - գրում է պարբերականը:

Al Jazeera-ն մեջբերում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, ով ասել է, որ «ոստիկանությունը միջոցներ է ձեռք առնում բանակցությունների միջոցով բժիշկներին պատանդությունից ազատ արձակելու համար»:

New York Times-ը մեջբերում է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը, համաձայն որի պատանդված բժիշկներից մեկին զինյալները բաց էին թողել:

Թերթը հիշեցնում է, որ հուլիսի 27-ին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու զինյալներ հանձնվել էին, ևս երկուսը և մեկ ոստիկան վիրավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ 20-ից ավելի զինյալներ դեռ շարունակում է պատսպարված մնալ ՊՊԾ գնդի տարածքում:

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

Ավելի ուշ, խումն ազատել էբուժակ Դավիթ Տոնոյանին: