28 հուլիսի 2016 - 13:11 AMT
Խորենացուց «Սասնա ծռերին» պաշտպանող 66 քաղաքացի է բերման ենթարկվել

Հուլիսի 27-ի՝ ժամը 18.00-19.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերվել 37 անձինք, ավելի ուշ՝ ևս 29 անձ, որոնցից էլ 5-ը ներկայացվել են Քննչական կոմիտե:

Բոլոր անձինք բերման են ենթարկվել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների կազմակերպված երթից հետո:

Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրում է Tert.am-ը::

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Հուլիսի 26-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն, ովքեր հուլիսի 17-ից ցույցեր են անցկացրել Խորենացի փողոցում, երթ են անցկացրել Երևանի փողոցներով:

Ցույցի մասնակիցները վանկարկում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, գունդը գրաված անձանց և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի անունները: