28 հուլիսի 2016 - 16:29 AMT
Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը փորձում է տեսակցել ձերբակալված Գալուստյանին

Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը պարզաբանում է Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության կողմից Ռուսաստանի քաղաքացի հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ դեսպանության մամուլի ծառայությանը հղումով։

Մասնավորապես, դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 23-ին դեսպանությունը Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից նոտա է ստացել Ռուսաստանի քաղաքացի Մ. Վ. Ուելդանովի ձերբակալման և քննչական մեկուսարանում պահման մասին, առ այն, որ վերջինս կասկածվում է թմրանյութերի մեծ քանակի ապօրինի ձեռքբերման կամ պահպանման համար։

«Ձերբակալությունից մի քանի օր անց դեսպանատուն է այցելել քաղաքացի Մարիա Միրզոյանը, ով հայտարարել է, որ ձերբակալվածն իր եղբայրն է, նրա իսկական ազգանունը Գալուստյան է, և ձերբակալվել է ոչ թե թմրանյութերի ապօրինի շրջանառության, այլ լրտեսության կասկածանքով»,- ընդգծվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Ըստ Ադրբեջանում ՌԴ դեսպանության տեղեկատվության՝ Մարիա Միրզոյանի հայտարարությունից անմիջապես հետո դեսպանությունը սահմանված կարգով դիմել է Ադրբեջանի լիազոր մարմիններին՝ համապատասխան պարզաբանում տալու և հյուպատոսական բաժնի աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացուն այցելելություն թույլ տալու խնդրանքով։ Այդ դիմումի հաստատման նպատակով դեսպանությունը հուլիսի 5-ին պաշտոնական նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ։ Նշվում է նաև, որ դեսպանությունը կշարունակի ադրբեջանական կողմի հետ աշխատանքները համապատասխան պարզաբանում ստանալու և ձերբակալվածի հետ տեսակցության թույլտվության նպատակով։

Ավելի վաղ հաղորվել էր, որ ի պատասխան Ուելդանով-Գալուստյանի ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: Դրանով իսկ դեսպանությունը փաստացի հաստատել է քաղաքացու հետապնդման ազգային դրդապատճառը:

Ռուսաստանի քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության քննչական մեկուսարանում։ Նրա ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։

Ուելդանովի քույրը պարզաբանել է, որ եղբայրը 1982 թվականին ծնվել է Բաքվում եւ ամուսնանալուց հետո վերցրել է կնոջ ազգանունը: Այդ իսկ պատճառով խնդիրներ չի ունեցել Ադրբեջանում:

Ադրբեջանը հաճախակի է ձերբակալում կամ արգելում հայազգի օտարերկրացիների մուտքը երկիր: 2016-ի մայիսին երկիր չէին թողել հայկական ազգանունով 8-ամյա երեխայի, 2011-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հրաժարվել է փոխադրել հայկական ազգանունով ուղևորին, նմանատիպ դեպք էր պատահել նաև «Ավտովազի» փոխտնօրեն Սերգեյ Գյուրձյանի հետ: