29 հուլիսի 2016 - 09:57 AMT
Հակառակորդն Ակնայի ուղղությամբ ականանետեր է կիրառել

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից, հայկական դիրքերի վրա արձակելով 2 արկ:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը ղարաբաղյան առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ արձակել է 600 կրակոց: Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել, հայտնում էԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Շփման գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը:

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց:

Իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: