Հուլիսի 29-ին Էրեբունու ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել:
«ԱԱԾ Ներկայացուցչի հետ կապ հաստատեցինք, ասեց՝ դուք կրակում եք, դրա համար մենք էլ ենք կրակում: Բայց մենք չենք կրակում նրանց վրա, մենք կրակում ենք մեր տարածքում՝ մեր անվտանգությունը ապահովելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով, վիրավորված Խանդոյանին բուժօգնություն է ցուցաբերվում գնդի տարածքում:
«Ձախ ոտքի փափուկ հյուսվածքի վնասվածք է ստացել», - հայտնել է Ավետիսյանը:
Միաժամանակ, Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ զինված խումբը խախտել է իրավապահների պահանջը՝ չկրակել:
«Կրակոցներ և կրակահերթեր են հնչել գնդում, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, իրենց կողմից վիրավորվել է Խանդոյանը», - պարզաբանել է Ահարոնյանը:
«Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ Արայիկ Խանդոյանը մկանային վիրավորում է ստացել: «Բանակցությունները չեն շարունակվում», - նշվում է գրառման մեջ:
Հուլիսի 27-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր, որ կրակ է բացելու «Սասնա ծռերի» անդամների ուղղությամբ, եթե խմբի անդամները կրակեն, թեկուզ՝ անկանոն, կամ փորձեն դուրս գալ գնդի տարածքից՝ հանձնվելուց բացի այլ նպատակներով: