29 հուլիսի 2016 - 17:18 AMT
ԱԱԾ. «Սասնա ծռերին» օժանդակող նոր անձինք են հայտնաբերվել

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

«Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ, 2016թ. հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին և վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Նկատի ունենալով վերոնշյալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին հանուն այլոց հանցավոր նպատակների չենթարկվել առանձին անձանց սադրանքներին, չխոչընդոտել իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացմանը և չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը: «Հիշեցնում և նախազգուցնում ենք, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու ցանկացած փորձ կանխվելու է օրենքով թույլատրելի և հասանելի բոլոր միջոցներով (Տեսանյութ)»:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 25-ին տեղեկացրել է, որ ՊՊԾ գնդի գրավման փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում նոր ձերբակալություններ են իրականացվել. «բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ»:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը:

Հուլիսի 22-ին ԱԱԾ-ն ևս հայտնել էր «Սասնա ծռերի» աջակիցների ձերբակալության մասին՝ մանրամասնելով, որ նրանցից մեկը նռնակ կրելով փորձել է հասնել ոստիկանների կողմից արգելափակված հատված, մյուսը «Մոլոտովի կոկտեյլներ» էր հասցրել Խորենացի փողոց: