29 հուլիսի 2016 - 20:31 AMT
ԱՄՆ-ը կոչ է արել «Սասնա ծռերին»՝ ազատել բժիշկներին, իշխանություններին՝ հարգել քաղաքացիների իրավունքները

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՊՊԾ գնդի շուրջ զարգացումների վերաբերյալ, որում կոչ է արել բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն հանդես բերել, օրենքի սահմաններում գործել ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալ:

«Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից: Վերահաստատում ենք, որ Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն: ՀՀ կառավարությանը և ուժային կառույցներին հորդորում ենք կարգը պահպանել այնպես, որ ապահովված լինեն Հայաստանի ԲՈԼՈՐ քաղաքացիների ազատ արտահայտվելու ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները և երաշխավորված լինի, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր անձանց հանդեպ լինի արդարացի վերաբերմունք ու ապահովվեն օրենքով նախատեսված պատշաճ իրավական գործընթացներ», - ասվում է հայտարարությունում:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Հուլիսի 27-ի առավոտյան Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել էր գնդի տարածք մտած բժիշկներին: Պատանդ էին վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: Նույն օրն ավելի ուշ խումբն ազատել էր բուժակ Դավիթ Տոնոյանին: