29 հուլիսի 2016 - 21:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված)

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցներ են տեղափոխվել բեկորային վիրավորումներով, այրվածքներով: Կան նաև տուժած լրագրողներ:

05:36 Բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի:

02:33 Տուժածների թիվը հասել է 60-ի, նրանց մեջ կան ոստիկաններ:

02:30 Տուժած դեռահասներից մեկը կորցրել է աչքը:

02:15 «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 40 տուժած:

01:54 ՄԻՊ-ը պահանջում է ոստիկանների կողմից բռնությունների ահազանգերով քրեական հետապնդում սկսել:

01:38 Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել Երևանում ընթացող զարգացումների վերաբերյալ:

01:09 Սարի թաղում բռնկված հրդեհը մարվել է տեղի ուժերով:

00:44 Տուժել է նաև ռուսաստանյան Life հեռուստաընկերության օպերատորը:

00:43 Ծեծի է ենթարկվել նաև անկախ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը. նրանից խլել են մի տեսախցիկը և ջարդել են մյուսը:

00:40 Ոստիկանները Սարի թաղից բերման են ենթարկել բազմաթիվ բնակիչների: Այդ մասին թաղամասի բնակիչները պատմել են «Սիվիլնեթի» եթերում:

00:33 Ծեծի են ենթարկվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողներ, 1in.am կայքի լրագրողներն այրվածքներ են ստացել հատուկ միջեցների կիրառումից:

00:18 «Սասնա ծռերի» կրակոցներից ոստիկաններից մեկը հրազենային վիրավորում է ստացել: Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

00:16 Տուժածներ են տեղափոխվել նաև «Էրեբունի» հիվանդանոց:

00:15 Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով դրությամբ նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած: Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին:

23:19 «Ազատության» լրագրող Կառլեն Ասլանյանը պատմել է, որ նրանց ու մի շարք այլ լրագրողների վրա քաղաքացիական հագուստով անձինք են հարձակվել ու ծեծի ենթարկել, նրանց հետ կապը ընդհատվել է:

23:05 Խորենացի փողոցում ոստիկանները վազում են քաղաքացիների հետևից՝ համատարած բերման ենթարկելով:

23:00 Նախնական տվյալներով՝ Խորենացի փողոցում ցույցի ցրման ժամանակ մի քանի քաղաքացի վնասվածքներ են ստացել:

22:57 «Ազատություն» ռադիոկայանը հայտարարել է, որ Սարի թաղում հարձակվել են նրա լրագրողներ Կարլեն Ասլանյանի ու Հովհաննես Մովսիսյանի վրա. լրագրողները ծեծի են ենթարկվել:

22:51 Բախումները շարունակվում են, ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա, նրանք կիրառում են գազ ու լուսաձայնային նռնակներ:

22:47 Սարի թաղում հրդեհ է սկսվել:

22:45 Սկսեցին ցրել ցույցը Սարի թաղում. մասսայական բախումներ են, արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվում:

22:39 Գնդի տարածքից անընդհատ կրակոցների ձայներ են լսվում:

22:36 Խորենացիում ցույցը ցրվում է, մարդկանց բերման են ենթարկում: Լուսաձայնային նռնակներ են կիրառվում:

22:35 Սարի թաղում սաղավարտներով ու վահաններով ոստիկաններ են հայտնվել:

22:30 Բանակցությունները դեռևս արդյունքների չեն բերում. ոստիկանության դիրքորոշումն անդրդելի է, հայտարարում են, որ հավաքն անօրինական է և պահանջում հեռանալ: Ոստիկանական պատնեշը մոտեցել է ընդհուպ ցուցարարներին:

22:22 Իրավիճակը ծայրահեղ լարված է. ՊՊԾ գնդի մերձակայքից պարբերաբար կրակոցներ են լսվում, ոստիկանությունը պահանջում է հեռանալ, ցույցը համակարգողները բանակցում են ոստիկանության հետ բախումներից խուսափելու համար:

22:18 Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պահանջում է Արմեն Մարտիրոսյանից տանել ժողովրդին Սարի թաղից: Խորենացի փողոցում նույն բանն է պահանջում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

22:14 Civilnet-ի եթերում Արմեն Մարտիրոսյանը կոչ է արել դուրս գալ փողոց բոլոր պատգամավորներին և քաղաքացիական գործիչներին ու «կանխել մոտալուտ արյունահեղությունը»:

22:13 "Քաղաքացիական հագուստով` իշխանությունների կողմից ուղղարկված սադրիչները քարեր սկսեցին շպրտել, բայց բարեբախտաբար կարողացանք իրավիճակը հանդարտեցնել", - հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը:

22:13 Իրավիճակը լարված է նաև Խորենացի փողոցում, որտեղ ևս ցուցարարներ կան. ոստիկանները կոչ են անում նրանց հեռանալ փողոցից:

22:10 Սարի թաղում հատուկ միջոցներ են կիրառվել. հավանաբար, լուսաձայնային և գազային նռնակներ են կիրառվել:

22:00 Սարի թաղում պայթյունի և կրակոցի ձայն է լսվում։ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ներքևում գործողություն է գնում, բայց պետք չէ իջնել Խորենացի։

21:50 Գնդի մերձակայքում կրակահերթեր են լսվում:

21:48 Ցուցարարները ՊՊԾ գնդից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են:

21:37 Ցուցարարներին հաջողվել է անցնել պատնեշներն ու մտնել Սարի թաղ:

21:33 Երթը Նար Դոս փողոցից փորձել է շեղվել դեպի Սարի թաղ: Ոստիկանական պատնեշը ճեղքվել է, ուժայինները փորձում են նոր շղթա կազմել:

Ավելի վաղ ոստիկանությունն արգելել էր Խորենացիում ցույցերի անցկացումը:

ՖՈՏՈՇԱՐՔ