30 հուլիսի 2016 - 00:34 AMT
Ոստիկանություն. ՊՊԾ գնդում գործողություն չի ընթանում, տարածքից դուրս ոստիկան է վիրավորվել

Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե «Սասնա ծռեր» խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում:

«ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ», - հայտնել է Ահարոնյանը:

Ավելի ուշ, նա նաև տեղեկացրել է.

«Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են»:

«Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից», - հավելել է մամուլի խոսնակը:

Հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ցույցերը ոստիկանների կողմից ցրկել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ:Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Ոստիկանության հետ բախումների ժամանակ, գնդի տարածքից պարբերաբար կրակոցներ են հնչել: Տեղեկատվություն էր տարածվել, որ այնտեղ գործողություններ են սկսվել:

Կարդացեք նաև՝ Սարի թաղում ցույցի ցրման ժամանակ լրագրողներ են բռնության ենթարկվել

ԱՆ. Առնվազն 29 տուժած՝ Խորենացի փողոցում ու Սարի թաղում միջադեպերում