Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։
Ինչպես հայտնել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։
Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։
Մնացած տուժածների վիճակը բավարար է։
Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: