13 ապրիլի 2007 - 20:30 AMT
Ապրիլին ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Եգիպտոս, Ավստրիա եւ Բելգիա
Ապրիլի 14-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երկօրյա այցով կմեկնի Եգիպտոս: Ապրիլի 16-ին նախատեսվում է նախարարի աշխատանքային այցը Ավստրիա, որտեղ նա կհանդիպի Ավստրիայի Ազգային Խորհրդի նախագահ (Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի խոսնակ) Բարբարա Պրամմերի եւ արտաքին գերատեսչության ղեկավար` Եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Ուրսուլա Պլասնիկի հետ: Այցի ընթացքում Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում եւ ելույթ կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի 660-րդ հատուկ նիստում: Ապրիլի 19-ին Բելգրադում նախարար Օսկանյանը կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպմանը եւ հանդես կգա ելույթով: Ապրիլի 25-ին ծրագրված է Վարդան Օսկանյանի այցը Բրյուսել: Նույն օրը նախատեսված է ՀՀ արտգործնախարարի ելույթը Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված հիշատակի երեկոյին: Միջոցառմանը կմասնակցեն Բրյուսելում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Եվրոպայում հայկական համայնքների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ապրիլի 27-29-ը նախարարը կմասնակցի նաեւ «Բրյուսել ֆորում 2007»-ին եւ զեկույց կկարդա «Սեւծովյան տարածաշրջան. զարգացման հեռանկարներ» թեմայով: Համաժողովին կմասնակցեն նաեւ Բելգիայի եւ Վրաստանի վարչապետները, Գերմանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարները, ԵՄ ընդլայնման հարցով հանձնակատարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություոնը: