30 հուլիսի 2016 - 11:22 AMT
Ոստիկանություն. Լրագրողների հետ բոլոր միջադեպերը կքննվեն

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից զավթած ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

Նրա խոսքով, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտարարվի», - հավելել է Ահարոնյանը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Սարի թաղում ցույցի լուսաբանման ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը, ինչպես նաև վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Տուժել են նաև PAN Photo-ի ֆոտոլրագրողները:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

ՄԻՊ. Ոստիկանների կողմից բռնությունների ահազանգերով անհրաժեշտ է քրեական հետապնդում սկսել

Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված)