Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և հուլիսի 30-ի լույս գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը։
Հուլիսի 29-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 16 անձ, որից 12-ը` ոստիկան, 2-ը` զինյալ խմբից։ Այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 8-ը։ Ինչպես որովայնային հրազենային վնասվածքով ոստիկանը, այնպես էլ 2 զինյալը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են։
2 տուժած բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ` «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան» բժշկական և Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոններում։
Բացի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողներից մյուսների վիճակը հիմնականում բավարարին մոտ է։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհաժեշտ բժշկական օգնություն։
Նախարարությունը տեղեկացնու մէ, որ մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:
Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված)
«Ժառանգության» փոխնախագահ Մարտիրոսյանի դեմ քրգործ է հարուցվել