30 հուլիսի 2016 - 17:57 AMT
ԱՄՆ դեսպանատուն. Խստիվ կոչ ենք անում անկեղծորեն աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հուլիսի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղ թաղամասում ու Խորենացի փողոցում ծավալված իրադարձությունների կապակցությամբ:

Հայտարարությունում նշվում է, որ դեսպանատունը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով:

«Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ ձեռնարկել քայլեր՝ կանխելու նախորդ գիշերվա գործողությունների կրկնությունը և հրահանգել ուժային կառույցներին կարգը պահպանելիս ապահովել ՀՀ քաղաքացիների խոսքի ազատության ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները. ազատություններ, որոնք երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ և հիմնարար արժեքներ են ցանկացած ամուր ու գործուն ժողովրդավարության համար», - ասվում է հայտարարությունում:

Հուլիսի 17-ի՝ Էրեբունու գունդը գրավելուց հետո, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենում ի աջարկցություն «Սասնա ծռերին» բողոքի ցույցեր: Ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Հուլիսի 29-ին Սարի թաղում ու Խորենացիում ցույցերը հատուկ միջոցների կիրառմամբ ցրելու ընթացքում տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը:

«Միաժամանակ, մենք կոչ ենք անում ցուցարարներին պատասխանատու վերաբերմունք հանդես բերել հավաքների ազատության իրավունքն իրացնելիս՝ հանդես բերելով զսպվածություն, զերծ մնալով բռնությունից ու խուսափելով Էրեբունու ոստիկանության շենքի շուրջ ակտիվ իրադարձություններից», - նշվում է հայտարարությունում:

Դեսպանատունը նաև ողջունում է ՄԻՊ ջանքերն ուղղված ցուցարարների, լրագրողների, անցորդների հանդեպ դրսևորված բռնության դեպքերի փաստագրմանը և բերման ենթարկվածների իրավական պաշտպանությանը: «Գլխավոր դատախազության կողմից լրագրողների դեմ բռնության փաստով քրեական գործի հարուցումը նախնական դրական քայլ է և մենք կռավարությանը կոչ ենք անում թույլ տալ մարդու իրավունքների խախտումների բոլոր դրվագներով անցկացնել լիարժեք, անկախ ու թափանցիկ հետաքննություն և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ: Մենք նաև կոչ ենք անում կառավարությանն անհապաղ քայլեր ձեռնարկել ՀՀ քաղաքացիների սահմանադրական ու մարդու իրավունքների խախտման նմանօրինակ դեպքեր թույլ չտալու ուղղությամբ», - ասվում է դեսպանատան տարածած հայտարարությունում:

«Որպես բարեկամ ու ժողովրդավարական զարգացումներում Հայաստանի գործընկեր, ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգ է իրավունքի գերակայության ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության հետ կապված իրողությամբ, որ մատնանշվում է անցյալ գիշերվա իրադարձություններով: Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը քաղաքացիական հասարակության ու կառավարության այն գործիչների հետ, ովքեր իրապես հանձնառու են ամրապնդել իրավունքի գերակայությունը: Միաժամանակ, ոստիկանության վատ վերաբերմունքի հետ կապված հետաքննությունների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը, ինչպես նաև արժանահավատ անկախ հաղորդումներով ստացված տեղեկությունները կկիրառվեն դեսպանատան ծրագրերում ու միջոցառումներում մասնակցության մասով որոշումներ ընդունելիս:

Հաշվի առնելով ցույցերն այսօր ևս շարունակելու կոչերը՝ մենք բոլոր կողմերին խստիվ կոչ ենք անում անկեղծորեն աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում: