14 ապրիլի 2007 - 16:19 AMT
ՄԱԿ-Ի ԱԽ առաքելությունը մեկնել է Կոսովո «Ախտիսաարիի պլանի» վերաբերյալ անաչառ որոշում կայացնելու նպատակով»
Անվտանգության Խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի նախաձեռնությանը Կոսովո եւ Բելգրադ առաքելություն գործուղելու վերաբերյալ` Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները շարունակելուց առաջ: Անվտանգության Խորհրդի ներկայացուցիչների առաջին կանգառը կլինի Բրյուսելում, որտեղ դեսպաններին կընդունի ՆԱՏՕ-ի գերագույն ղեկավարությունը: Առաքելությունը եւս մեկ հնարավորություն կընձեռի ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղում իրավիճակը պարզելու եւ «Ախտիսաարիի պլանի» վերաբերյալ անաչառ որոշում կայացնելու համար:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերով, հարկավոր է մեկ անգամ եւս պարզաբանել իրական իրավիճակը տարածաշրջանում, փոխզիջում գտնելու համար սերբերի եւ ալբանացիների միջեւ:

«Առաքելության գործուղումը չի նշանակում, որ մենք անվստահություն ենք հայտնում Ախտիսաարիին, որը ռուսական դիվանագիտության վաղեմի բարեկամն է: Սակայն պետք է լրացնել այս խաչբառի բազմաթիվ դատարկ վանդակները: Հնարավոր է, Կոսովոյի կարգավիճակի մասին հարցը ամենաբարդն է ՄԱԿ-ի համար վերջին տասնամյակի ընթացքում»,-նշել է ռուս դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի Կոսովոյի խնդրի կարգավորման ծրագիրը քննարկվեց մարտի 27-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում: Նույն օրը ՄԱԿ-ում ՌԴ մշատական ներկայացուցիչը հաղորդեց, որ Ռուսաստանը ԱԽ-ի քննարկմանն է դրել դիտորդների միջազգային խումբ ձեւավորելու եւ Բելգրադ ու Պրիշտինա գործուղելու մասին առաջարկը: Խումբը կկարողանա տեղում համապարփակ կերպով վերլուծել թե ինչպես է կատարվում 1999 թվականին ընդունված թիվ 1244 բանաձեւը: