1 օգոստոսի 2016 - 16:20 AMT
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցում են «Սասնա ծռերի» անդամներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:

Այս պահին այցելություն է իրականացվում նաև ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Սասնա ծռերը» գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին՝ փաստացի, պահելով այն վերահսկողության տակ համարյա 2 շաբաթ: Գրոհի ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հուլիսի 30-ին սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը:

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում: