1 օգոստոսի 2016 - 18:35 AMT
Սարգսյան. «Կրկնում եմ՝ ԼՀ հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու, բացառվում է»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը, մասնավորապես անդրադառձել է ԼՂՀ հիմնախնդրին:

«Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է», - ասել է նախագահը:

«Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը», - հավելել է Սարգսյանը:

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի պահանջներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում տարածքային զիջումներից հրաժարվելն էր:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն ասել էր, որ եռակողմ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ է համաձայնություն ձեռք բերվել: «Նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Հայկական կողմն այդ հայտարարությունը հերքել է:

Կարդացեք նաև՝ Նախագահ. Ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է

Սերժ Սարգսյան. Ներողություն եմ խնդրում լրագրողներից հուլիսի լույս 30-ի դեպքերի համար

Սերժ Սարգսյան. Մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է