3 օգոստոսի 2016 - 09:46 AMT
Թուրքերեն խոսող ֆրանսահայն արտաքսվել է Ստամբուլից իրեն թուրք չանվանելու հետևանքով

Թուրք իրավապահները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից արտաքսել են ֆրանսահայ Ռիչարդ Դեմիրջիին` թուրքերեն իմանալու, սակայն թուրք իրեն չանվանելու հետևանքով:

Ինչպես գրում է Ermenihaber-ը` հղում անելով «Ակօս»-ն, դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի մուտքի մոտ, որտեղ ոստիկանները կանգնեցրել են մեքենան և ուղևորներից, այդ թվում և Դեմիրջիից պահանջել անձնագիր: Երբ Դեմիրջին իր ֆրանսիական անձնագիրը ներկայացնելուց հետո ոստիկանների հարցերին պատասխանել է թուրքերենով, նրան հարցրել են, թե արդյոք նա թուրք է:

Ոստիկանների՝ «թուրքերեն ես խոսում, ծննդավայրդ Սղերթ է նշված, ինչպե՞ս թե թուրք չես» հարցմանն ի պատասխան Դեմիրջին ասել է, որ ազգությամբ հայ է, Ֆրանսիայի քաղաքացի: Դրանից հետո ոստիկանները որոշել են, թե նա ահաբեկիչ է և իջեցնելով մեքենայից շտապ մեկուսացրել են, իսկ հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրան արտաքսել են:

Ռիչարդ Դեմիրջին ամիսը մեկ անգամ աշխատանքային այցով մեկնում էր Թուրքիա, իսկ այժմ նրա մուտքն արգելվել է: