16 ապրիլի 2007 - 19:48 AMT
Վրաստանին ՆԱՏՕ կհրավիրեն 2008 թվականի՞ն
Լեհաստանի նախագահը համարում է, որ 2008 թվականին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չափազանց կարեւոր կլինի Վրաստանի համար` նրան կառաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիր: Այդ մասին հայտարարել է Լեխ Կաչինսկին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ: «2008 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Վրաստանին կառաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիր (MAP)»,-հայտարարել է Լեհաստանի նախագահը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Լիսաբոնում, թեեւ կան այլ այլընտրանքային տարբերակներ:

«Մենք աջակցում ենք Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը եւ նույնը պետք է ասեմ Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ: Մենք խոսել ենք տարբեր ուղղություններով բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու մասին»,-հայտարարել է Լեխ Կաչինսկին:

Լեհաստանի նախագահի խոսքերով, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ ռազմական ոլորտում համագործակցության հարցեր:

«Երբ երկիրը ձգտում է ՆԱՏՕ, չպտեք է լինեն խոչընդոտներ ռազմական ոլորտում համագործակցության զարգացման համար, հատկապես երբ մենք խոսում ենք Վրաստանի մասին: Վրաստանը ոչ ոքի չի սպառնում եւ նրանից ոչ մի սպառնալիք չի բխում»,-ընդգծել է Լեխ Կաչինսկին, հաղորդում է «Նովի ռեգիոն»-ը: