3 օգոստոսի 2016 - 15:33 AMT
Ուորլիք. «Ուսումնասիրում ենք նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին ասել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցային գործընթացում դրական պահը: Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հակված են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև երկխոսության շարունակմանը: նա նաև հայտնել է, որ համանախագահներն ուսումնասիրում են երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը, Trend-ին հղումով գրում է Yerkirmedia.am-ը:

«Տվյալ պահին տարածաշրջան այցելելու որոշակի պլան չունենք, սակայն նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու կապակցությամբ կողմերի հետ մշտական շփման մեջ ենք»,- ասել է նա:

Ուորլիքի խոսքով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումները շփման գծում բռնության թուլացման որոշակի արդյունք ունեցան:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: