17 ապրիլի 2007 - 17:15 AMT
ԵՄ-ին անդամակցելու ժամկետները հայտնելու Թուրքիայի պահանջը տարակուսանք է առաջացրել Բրյուսելում
Եվրամիությանն անդամակցելու կոնկրետ ժամկետները հայտնելու Ռեջեփ Էրդողանի պահանջը տարակուսանք է առաջացրել Բրյուսելում. մի շարք կետերով մինչեւ հիմա նույնիսկ բանակցություններ չեն սկսվել: Անցած շաբաթ իր այցելության ժամանակ Գերմանիա թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ից ավելի կոնկրետ հեռանկարներ է պահանջել երկրի` Կազամկերպություն մտնելու վերաբերյալ:

Անգելա Մերկելը տվյալ պահանջին որեւէ կերպ չարձագանքեց: Սակայն բավականին բազմանշանակ արձագանք եղավ Եվրահանձնաժողովից եւ Եվրախորհրդարանից: «ԵՄ անդամակցության թեկնածուներից եւ ոչ մեկին այլեւս չի հայտնվելու կազմակերպություն ընդունելու ժամկետներ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Դեռ 2006 թվականի դեկտեմբերին ԵՄ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել, որ այլեւս կոնկրետ ժամկետները կքննարկվեն բանակցությունների վերջնական փուլում:

Թուրքիայի դեպքում բանակցությունները գտնվում են միայն սկզբնական փոլում, այն էլ ոչ բոլոր հոդվածներով: Գլխավոր խոչընդոտը դեռ շարունակում է մնալ «Կիպրոսի հարցը». կողմերը միմյանց մեղադրում են բանակցային գործընթացի արգելափակման մեջ:

Լիբերալ խմբակցության ղեկավար Գրեհամ Ուաթսոնը խորհուրդ է տվել Անկարային հանգստություն պահպանել ու դադարեցնել ճնշում գործադրել Գերմանիայի կառավարության վրա, որը մինչեւ 2007 թվականի հունիսի վերջ նախագահում է ԵՄ-ում: Ուաթսոնի կարծիքով, այսօր կողմերին անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնանալ բանակցությունների շարունակության վրա, հաղորդում է Deutsche Welle-ն: