ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով օգոստոսի 5-ի դրությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է 8 անձ, որոնցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 5-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով; հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներն անմիջականորեն կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով)»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործի շրջանակներում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվի պարբերաբար:
Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: