9 օգոստոսի 2016 - 11:18 AMT
ElectricYerevan-ի դեպքերով ոստիկանության երկու սպայի մեղադրանք է առաջադրվել

2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին և ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին:

Ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015-ի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Բացի այդ, ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հիշյալ օրը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքում կայացված որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 8-ին հայտնիէ դարձել, որ ElectricYerevan-ի ցույցերի հետքերով 4 ոստիկանի հանդեպ քրգործ է հարուցվել: