9 օգոստոսի 2016 - 18:57 AMT
ElectricYerevan-ի դեպքերով ոստիկանության ևս երկու սպայի մեղադրանք է առաջադրվել

2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին և Ն. Պ.-ին:

Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015-ի հունիսի 23-ին, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, տեղեյացնում է ՀՀ քննչական ծառայությունը:

Օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Այսպիսով, հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: