11 օգոստոսի 2016 - 00:00 AMT
Պուտին. Ադրբեջանը կարող է զենք գնել որտեղից որ ցանկանա

Ժամանակակից շուկայի պայմաններում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զինատեսակ:

Այդ մասին է հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հետևած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ռուս-ադրբեջանական ռազմական գործարքներին:

«Օրինակ` Ադրբեջանի պես երկիրը, մոտ 10 մլն բնակչությամբ, արագ աճող տնտեսությամբ, նավթ արդյունահանող ու բավականին մեծ դրամական պաշարներով երկիր, կարող է գնել զենք որտեղ ասես: Հասկանու՞մ եք, որտեղ ասես: Սակայն ես չեմ ուզում ուշադրություն դարձնել (ղարաբաղյան - խմբ.) հարցի ռազմական կողմին: Եթե մենք ուզում ենք լուծել հարցը, մենք պիտի լուծենք այն խաղաղ մեթոդներով», - ասել է նա, հավելելով, որ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է, ու Մոսկվան կատարում է իր պարտականությունները:

2010 թվականից ի վեր Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել 94 միավոր Տ-90 տանկ, 91 միավոր ՀՄՄ-3 զրահափոխադրիչ, 24 միավոր ԲՏՌ-80, 18 միավոր 2Ս19 Մստա-Ս, 18 միավոր «Վենա» ինքնագնաց 120 մմ տրամաչափով ականանետ, 400 միավոր 120 մմ-անոց ականանետ, 18 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 միավոր «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգ, 10 միավոր «Խրիզանտեմա» հակատանկային համակարգ, 24 միավոր Մի-24 գրոհային ուղղաթիռ, ավելի քան 60 միավոր Մի-17 ուղղաթիռ (այդ թվում` ՆԳՆ և ԱԻՆ համար), Տոռ-2ՄԷ ԶՀՀ 2 գումարտակ, 300 միավոր «Իգլա» կրովի ԶՀՀ, տասնյակ միավոր ինժեներային և հատուկ տեխնիկա` տանկային կամրջակապեր, զրահապատ վերանորոգիչ-տարհանման մեքենաներ, ականազերծող մեքենաներ և այլն: