19 ապրիլի 2007 - 15:37 AMT
FAON. Անհեթեթություն է, որ Հայոց ցեղասպանությունը չի ընդգրկվել ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող ԵՄ օրինագծում
Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) կոչ է արել հոլանդական կառավարությանը չհամաձայնվել Բրյուսելի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող փաստաթղթին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել FAON-ում, Դաշնության կոչը հիմնավորված է նրանով, որ փաստաթղթում ընդգրկված չէ Հայոց ցեղասպանությունը: «Անհեթեթ է եւ անընդունելի, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, որը սիստեմատիկաբար ժխտվում է Թուրքիայի կողմից համաձայն նրա ուրացման քաղաքականությանը, տեղ չի գտել փաստաթղթում: Նման վերաբերմունքը պատմական իրադարձությունների սկանդալային ոտնահարման դրսեւորում է եւ ցույց է տալիս անընդունելի առհամարանք Եվրոպայի կողմից հայերի ողբերգության հանդեպ: Ավելին, դա ցույց կտա, որ Եվրոպան ծնկի է եկել Թուրքիայի ուրացման քաղաքականության առջեւ, ինչպես նաեւ կնշանակի, որ Թուրքիան Եվրոպայում որոշակի հաջողության է հասել Ցեղասպանության ուրացմանն ուղղված իր գործողություններում»,-ասվում է FAON-ի հաղորդագրության մեջ: