19 ապրիլի 2007 - 16:05 AMT
Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան խնդրի լուծման բանակցային ուղուն
Անկախ նրանից, թե որքան կարող է Կոսովոյի խնդրի լուծումը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում շահավետ թվալ Հայաստանի համար, Երեւանը հիմնովին հավատացած է յուրաքանչյուր հակամարտության, նրա զարգացման ու պայամանների առանձնահատուկ լինելում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հանդես գալով ԵԱՀԿ Մշտական Խորհրդում: Նրա խոսքերով, Հայաստանը խնդիր չունի մեր կարծիքն արտահայտելու նախադեպերի սահմանափակ արժեքի հարցում: «Այնուհանդերձ, տարօրինակ է, որ նրանք, ովքեր հակադրվում են «մի լուծում բոլորի համար» նախադեպերին, ստահոդաբար չորս «սառեցված» հակամարտության մի հանգույցով են ագուցում մեկ այլ տեղ: Ավելին, պարզապես նախադեպի դեմ հանդես գալուց բացի, ՎՈՒԱՄ-ը փորձում է կանխասահմանել այլ հակամարտությունների ելքը, հատկապես` մեր հակամարտության, մեխանիզմներ ստեղծելով` բանաձեւերի կամ այլ գործողությունների միջոցով, որպեսզի խոչընդոտի մեր բանակցային գործընթացի բնական առաջընթացին»,-ընդգծել է Օսկանյանը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է աչալրջություն դրսեւորի այդպիսի ջանքերի ստահոդության հանդեպ: Կոսովոյի համար հաջողությամբ պսակված ինքնորոշման գործընթացը, նախադեպ չդարձնելը, չպետք է նշանակի բոլոր այլ ինքնորոշման գործընթացների արհեստական տապալում:

«Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը բանակցային ճանապարհով: Մենք հետամուտ կլինենք արդարացի լուծման հասնելու, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու սեփական ապագան որոշելու իրավունքը»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: