11 օգոստոսի 2016 - 16:49 AMT
Թուրքիայում ԻՊ-ի անդամ է ձերբակալվել. Ծնունդով Հայաստանից է

Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է, հայտնում է թուրքական Hurriet պարբերականը։

Հրապարակման համաձայն, ձերբակալվածի անունը Արտյոմ Ալոյան է, նա ծնվել է Հայաստանում, ազգությամբ եզդի է, ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։

Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Ալոյանն ազատ տիրապետում է ռուսերենին, արաբերենին, հայերենին, քրդերենին, անգլերենին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ տեղի իրավապահների, ձերբակալության պահին Ալոյանի մոտ հայտնաբերվել են Սիրիայում արված լուսանկարներ և տեսանյութեր, քարտեզներ, որոնք ապացուցում են նրա մասնակցությունը Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին։

Ալոյանին պատկանող մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և նյութեր, ինչպես նաև հեռակառավարման վահանակներ։

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Հաթայ գավառի իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ Ալոյանի անունն ընդգրկված է Թուրքիայի կազմած ահաբեկիչների անվանացանկում։ Նրա մուտքը Թուրքիա արգելված է։

Իրավապահներին նաև հաջողվել է պարզել, որ Ալոյանը 2015-ին Սիրիա մեկնելուց մի քանի ամիս անց հրետանային վիրավորում է ստացել Հալեպում և միառժամանակ բուժվել։ Բուժումից հետո փորձել է մտնել Թուրքիա, մասնավորապես, Ստամբուլ, որտեղ, ըստ հրապարակման, բնակվում է Ալոյանի ընտանիքը։

Դատարանի որոշմամբ կալանավորված Արտյոմ Ալոյանը հարցաքննության ժամանակ պատմել է, որ ինքը ծնունդով հայաստանից է, ազգությամբ եզդի, Սիրիա է մեկնել 2015-ին։ Մինչ այդ՝ 2002-ին Հայաստանից արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ էլ քաղաքացիություն է ստացել, ապա 2012-ին ընդունել է իսլամ, ավելի ուշ սկսել է ուսումնասիրել ջիհադը և որոշել մեկնել Սիրիա և պատերազմել «Ալ-Նուսրա» խմբավորման կողմից։

«Ալ-Նուսրա ճակատ»-ը կազմավորվել է 2012-ին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին ամիսներին։ Այն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների կողմից։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում այս զինված խմբավորումը 2014-ի օգոստոսից դարձել է Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հիմնական թիրախներից մեկը։

2013-2015-ին որոշ արաբական կայքէջերում և սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն էր տարածվում ծնունդով ՀՀ-ից ոմն Եղիշե Կարապետյանի վերաբերյալ, որ իբր հանդիսացել էր «Իսլամական պետության» զինված ջոկատների մարտիկ և մարտական գործողությունների ժամանակ զոհվել էր Հալեպի արվարձաններում: Ստուգմամբ պարզվել է, որ նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կրում է սադրիչ բնույթ, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան 2016-ի ապրիլին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը: