12 օգոստոսի 2016 - 11:57 AMT
ANCA-ի կոչն Օբամային՝ մերժել միայն Ադրբեջանին օգուտ տվող Մադրիդյան սկզբունքները

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ժողովրդավար ճանապարհով ինքնորոշման համամարդկային գաղափարների ու մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված կայուն լուծմանը:

«ԱՄՆ-ն ու միջազգային միջնորդները պետք է մերժեն խորապես սխալ ու անխոհեմ Մադրիդյան սկզբունքները, որոնք իրենցից ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից ռազմավարական ու անդարձ զիջումներ պահանջող և փոխարենն Ադրբեջանի կողմից անորոշ ու հակասական կարգավիճակի տրամադրում խոստացող միակողմանի առաջարկներ»,-նշվում է հայտարարությունում, գրում է Tert.am-ը:

ANCA-ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Մադրիդյան սկզբունքներով շարժվելու դեպքում օգուտ կունենա միայն Ադրբեջանը` ագրեսոր պետությունը:

Հանձնախումբը կոչ է արել բոլոր գաղափարակիցներին էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին` կոչ անելով հրաժարվել այդ սկզբունքներից:

Մադրիդյան սկզբունքները 2007-ին նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման առաջարկած հիմնական սկզբունքների պայմանական անվանումն է: Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակի մի մասը հրապարակվել է 2009-ի հուլիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում։

Հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թ.-ի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում՝

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ; Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ; նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով; Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով; ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք;անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։