ԱՄՆ-ի Smithsonian հաստատությունը Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագրեր է մշակում, որոնք ուղղված են հայկական մշակույթի պահպանմանը և մշակութային զբոսաշրջիկության զարգացմանը: Այս մասին հայտնել է Smithsonian հաստատության միջազգային կապերի բաժնի ղեկավար Մոլլի Ֆաննոնը:
Նրա խոսքով, որպես համաշխարհային մշակույթի պահպանմամբ զբաղվող խոշորագույն հաստատություն, Smithsonian-ը ցանկանում է պահպանել և տարածել ոչ միայն հազարամյա պատմություն ունեցող հայերի իրեղեն մշակույթը, այլև՝ պարը, կերակուրները, կենսակերպը, արվեստի բովանդակությունը:
«Մեր նպատակն է ապահովել Հայաստանի մշակութային ոլորտի կայուն զարգացումը՝ կապելով այն մշակութային զբոսաշրջիկության հետ և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելով այդ ոլորտում»:
Մոլլի Ֆաննոնի խոսքով, մշակույթի պահպանությունը զգալի տնտեսական աղբյուրներ է պահանջում, այսպիսով՝ մշակութային ժառանգության ոլորտում տնտեսական հնարավորությունների ստեղծումը շատ կարևոր է:
Եռակողմ ծրագրի շրջանակում Smithsonian-ը ստեղծել է «Իմ Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է նպաստել զբոսաշրջիկների հետաքրքրասիրությանը և խթանել նրանց ներգրավումը Հայաստանի մշակութային ժառանգության մեջ:
Ֆաննոնը նշում է, որ Smithsonian-ը հայկական կողմի հետ միասին երկու հիմնական ուղի է մշակել՝ հյուսիսային և հարավային, որոնց շուրջ ստեղծվելու են ենթակառույցներ՝ թույլ տալով զբոսաշրջիկներին հաճելի և հարմարավետ հանգիստ վայելել Հայաստանի մարզերում՝ միևնույն ժամանակմարզերի բնակիչների համար նոր հեռանկարային աշխատատեղեր բացելով:
Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252.506 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը 2015-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 8.6%-ով: 2016-ի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 227.499 մարդ, ինչը 2015-ի առաջին եռամսյակի համեմատ 5.9%-ով ավելի է:2015-ին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ:2014-ին այդ թիվը եղել է 1 մլն 203.000:
Մասնավորապես, պակասել է ռուսաստանցի, վրացի, իտալացի ու ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը, ավելացել՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից եկածների թիվը: