19 ապրիլի 2007 - 20:08 AMT
Turkish Daily News. ԵՄ-ն անտարբեր է ցեղասպանության հերքման հարցով Թուրքիայի «անհանգստության» նկատմամբ
Չնայած Թուրքիայի ճնշմանը, Եվրամիությունը մոտ է այն բանին, որ ընդունի ռասիզմի եւ այլատյացության համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Անկարան «անհանգստանում է», որ այդ օրենքի ազդեցությունը կտարածվի նաեւ Հայոց ցեղասպանության վրա: ԵՄ Արդարադատության հարցերով Լյուքսեմբուրգի խորհուրդը այս հարցով պետք է համաձայնության հանգի ապրիլի 20-ին:

Ինչպես գրում է Turkish Daily News-ը, Խորհրդի կառույցներում փաստաթղթի քննարկման նախնական փուլը ցույց տվեց օրինագծի տեքստի հարցով համաձայնության հասնելու պատվիրակությունների քաղաքական ցանկությունը: Գրեթե բոլոր տեխնիկական հարցերը լուծվել են:

ԵՄ-ում նախագահող Գերմանիայի կողմից առաջարկված օրինագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսում ռասայով, մաշկի գույնով, կրոնով, ազգային կամ էթնիկական ծագումով տարբերվող մի խումբ մարդկանց կամ նման խմբի անդամի դեմ բռնության կամ ատելության դրդրման համար, ինչպես նաեւ քրեական պատախանատվություն ցեղասպանության հերքման համար:

ԵՄ անդամ պետությունները պետք է երաշխավորեն պատիժ տուգանքի կամ մեկից երեք տարի ժամկետով բանտարկության ձեւով: Օրինագիծը չի պատրաստվում փոխել վերաբերմունքը հիմնարար իրավական սկզբունքների նկատմամբ` այդ թվում մամուլի եւ խոսքի ազատության: Որոշման նդունումից հետո ԵՄ անդամ պետությունները օրինագիծը կիրառության մեջ մտեցնելու համար երկու տարի են ունենալու: