15 օգոստոսի 2016 - 17:14 AMT
ԼՂՀ նախագահ. «Պատրաստ ենք զիջումների գնալ, եթե դրանք չեն խաթարում երկրի անվտանգությունը»

Յուրաքանչյուր հակամարտության լուծումը կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են», - ասել է նա՝ շարունակելով․ «Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։

Ղարաբաղի նախագահը ապրիլյան քառօրյա պատերազմը որակել է հայերի հանդեպ Ադրբեջանի «հայատյաց գաղափարախոսության և իշխանությունների բռնապետության արդյունք»։

«Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից: Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին և այդ ուղղությամբ արձանագրած հաջողություններին՝ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի ճանաչումը մոտ ապագայում շարունակվելու է ավելի մեծ հաջողությամբ՝ իր դրական հետևանքներն ունենալով Հարավային Կովկասի կայունության վրա:

Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել: Այս մասին օգոստոսի 6-ին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: