20 ապրիլի 2007 - 15:22 AMT
ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարներն ազգային եւ ռասայական ատելության հրահրումը հանցագործություն են ճանաչել
Եվրամիության ներքին գործերի նախարարները պայմանավորվել են հանցագործություն ճանաչել ազգային եւ ռասայական ատելության հրահրումը կազմակերպության բոլոր 27 երկրներում, սակայն համաձայնության չեն հանգել Հոլոքոստի հերքման համար պատժի հարցում: Համաձայնագրում նախատեսվում է, որ մաշկի գույնի, ռասայի, ազգային կամ քաղաքացիական պատկանելության հատկանիշով ցանկացած խմբի նկատմամբ ատելության եւ բռնության հրահրումը պատժվում է ամենաքիչը մեկ տարվա ազատազրկությամբ: Միեւնույն ժամանակ, ԵՄ անդամ-երկրները քրեական հետապնդման իրավունք ունեն միայն հասարակական կարգի խախտման հետ կապված դեպքերում:

Միջկրոնական թշնամանքի համար պատիժը պարտադիր է լինելու միայն այն դեպքերում, որոնց կարելի է վերագրել ռասայական եւ ազգային հատկանիշով թշնամանքի հրահրմանը: Որոշ երկրներում փաստաթղթի վավերացման համար կպահանջվի խորհրդարանի հավանությունը: Համաձայնագրի ընդունումից հետո յուրաքանչյուր պետության տրվելու է երկու տարի ազգային օրենսդրությանը դրա համապատասխանեցման համար:

Ինչպես նշել են պաշտոնատար անձինք, բանաձեւի տեքստը կազմվել է այնպես, որպեսզի դրա ազդեցության տակ չընկնեն ցեղասպանության մասին գիտական հետազոտթյուններն ու գրական ստեղծագործությունները: Միեւնույն ժամանակ, գոյություն ունի նաեւ քրեական պատասխանատվության հնարավորություն ատելության կամ բռնության հրահրման միտում ունեցող «թռուցիկների, պատկերների ու այլ նյութերի» տարածման համար:

Սակայն արդյունքում ստացված համաձայնագիրը հուսահատեցրել է Գերմանիային, որը ձգտում էր արգելքի Հոլոքոստի հերքման եւ ամբողջ Եվրամիությունով նացիստական խորհրդանիշերի օգտարգործման համար: Այն երկրները, որոնցում Հոլոքոստի հերքումն արդեն իսկ հացնագործություն է հանդիսանում, կկարողանան իրենց օրենսդրությունն ուժի մեջ թողնել, սակայն այլ երկրները պարտավոր չեն լինի նրանց օգնել: Մեծ Բրիտանիան, Իռլանդիան եւ սկանդինավյան երկրները դեմ էին փաստաթղթում չափազանց կտրուկ ձեւակերպումներին, իրենց դիրքորոշումը մեկնաբանելով նրանով, որ դրանք կարող են խախտել խոսքի ազատության երաշխիքները: Վերջնական տեքստում խոսք կա այն մասին, որ այն ոչ մի կերպ չի խախտում հիմնական իրավական սկզբունքները, այդ թվում խոսքի ազատությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: