20 ապրիլի 2007 - 16:42 AMT
Սեւծովյան տարածաշրջանի ենթակառուցվածքները միավորման կարիք ունեն, այլ ոչ թե մեկուսացման
«Սեւծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ) սկզբնավորվեց համագործակցության, ինտեգրման ու օժանդակության համար կոնկրետ հնարավորություններ ընձեռելու համար, բոլորին հնարավորություն տալու օգուտ քաղել ներուժի անսահման շրջանից»,- ՍԾՏՀ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտությունը, որ պարզ էր 15 տարի առաջ, ավելի սրությամբ է զգացվում միայն այսօր, հատկապես երբ քննարկում ենք ԵՄ-ի հետ ՍԾՏՀ-ի հարաբերությունները խորացնելու հարցը: «Բոլոր ենթակառուցվածքները` տրանսպորտային, էներգետիկ, բանկային եւ կրթական, միավորման կարիք ունեն եւ ոչ թե բաժանման եւ մեկուսացման»,- ընդգծել է Օսկանյանը:

Հանդիպման արդյունքում ընդունվեց Բելգրադյան հռչակագիրը եւ ստորագրվեց Սեւծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման փոխըմբռնման հուշագիրը: Հանդիպումից հետո նախարար Օսկանյանը մասնակցեց հուշագրի ընդունմանը նվիրված Քարավան 2007 ավտոարշավի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը: