19 օգոստոսի 2016 - 13:15 AMT
Մոուրինյո. Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է, նա մեզ շատ բան կտա այս խաղաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու թիմի նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել վերջին երկու խաղերի մեկնարկային կազմում, հայտնում է «Նովոստի Արմենիան» manutd.ru-ի վրա հղումով։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու նա ընտրությունը չի կատարել հայ կիսապաշտպանի օգտին առաջին պաշտոնական խաղերում` մարզիչն ասել է. «Ամբողջ հարցը տարբերակներն են։ Ես պատրաստվում էի «Լեսթերի» հետ խաղին և զգում, որ մեզ պետք է Ջեսի Լինգարդի արագությունը։ Իսկ «Բորնմութի» հետ խաղում որոշեցի, որ Խուան Մատան կկարողանա դիմակայել հակառակորդի բարձր ճնշմանը»։

Մոուրինյոյի խոսքով, Մատան կարող էր օգտագործել ճնշման գծից այն կողմ գտնվող ազատ գոտիները, և շատ օգտակար եղավ: «Ես որոշեցի, որ երկու խաղերում էլ Ռունին մոտ կխաղա Իբրահիմովիչին, և Միկիին չդրեցի հիմնական կազմում։ Երբ որոշ մարզիչներ խաղացողներ են գնում, նրանք զգում են, որ պետք է պաշտպանեն իրենց որոշումը` ամբողջ ժամանակը նորեկին տալով, բայց ես դրանցից չեմ։ Թիմն ավելի կարևոր է իմ շահերից, և ես անում եմ այնպես, որ ավելի լավ լինի թիմի համար»,– ընդգծել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը։

«Ես զգում էի, որ Լինգարդն ու Մատան թիմի համար այդ խաղերում լավագույնը կլինեն, և ես որոշում ընդունեցի` հաշվի առնելով Պրեմիեր Լիգայի իրողությունները։ Այնուամենայնիվ, շարունակում եմ ասել այն, ինչ ասել եմ ավելի վաղ` Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է, և նա մեզ այս խաղաշրջանում շատ բան կտա»,-հավելել է նա։

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև. Մխիթարյանն իր առաջին գնդակը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփել է «Բորուսիայի» դարպասը (վիդեո)