23 ապրիլի 2007 - 14:29 AMT
ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռեւս 1973 թվականին
«ԱՄՆ Կոնգրեսը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ 106-րդ բանաձեւում խոսքը գնում է ընդամենը Հայոց ցեղասպանության հաստատման մասին եւ կոչ է արվում նախագահ Բուշին օգտագործել այդ տերմինը ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, բանաձեւի օգտին արդեն հանդես են եկել Ներկայացուցիչների պալատի 191 անդամ եւ 38 սենատոր:

«106-րդ բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է 218 ձայն Պալատում եւ 51` ԱՄՆ Սենատում: Ես կարծում եմ, որ մինչ քվեարկությունն այդ թիվը կհավաքվի»,-նշել է Մանոյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռեւս 1973 թվականին, իսկ 1994 թվականից ի վեր ապրիլի 24-ին երկրի նախագահը այդ կապակցությամբ հանդես է գալիս ուղերձով: Սակայն ուղերձում միշտ ասվում է «1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին»: Մանոյանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ուղերձը միտված է նրան, որ ԱՄՆ նախագահը օգտագործի «ցեղասպանություն» բառը, ինչպես նա անում է դա նմանատիպ այլ դեպքերում, օրինակ, խոսելով Ռուանդայի կամ Դարֆուրի ցեղասպանությունների մասին: