22 օգոստոսի 2016 - 15:12 AMT
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են Սթինգի երգի բառերը Մխիթարյանի պատվին

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին փոխել են աշխարհահռչակ անգլիացի երգիչ Սթինգի Englishman In New York երգի բառերը, հայտնում է Tert.am-ը:

Կրկներգում «կարմիր սատնաների» ֆաները երգում են Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian! (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):

Օգոստոսի 19-ին 27-ամյա ֆուտբոլիստն «Օլդ Թրաֆորդում» իր առաջին պաշտոնական խաղն է անցկացրել:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու թիմի նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել վերջին երկու խաղերի մեկնարկային կազմում: «Ես զգում էի, որ Լինգարդն ու Մատան թիմի համար այդ խաղերում լավագույնը կլինեն, և ես որոշում ընդունեցի` հաշվի առնելով Պրեմիեր Լիգայի իրողությունները։ Այնուամենայնիվ, շարունակում եմ ասել այն, ինչ ասել եմ ավելի վաղ` Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է, և նա մեզ այս խաղաշրջանում շատ բան կտա»,-հավելել է նա։

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: