22 օգոստոսի 2016 - 17:11 AMT
Միհրան Հարությունյան. Սերբ ըմբիշն ամեն առավոտ հիշելու է իմ անունը

Ռիոյում ավարտված 31-րդ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած և կողմնակալ մրցավարության պատճառով ոսկուց զրկված ըմբիշ Միհրան Հարությունյանը գրառում է կատարել VK սոցցանցում` իր երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ով «չվարանեց իր կարծիքը հայտնել Ռիոյի Օլիմպիական խաղերում իր եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ»:

Օգոստոսի 16-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով:

«Շնորհակալ եմ ձեր անհավատալի աջակցության համար, շնորհակալ եմ, որ կողքիս էիք հենց սկզբից և այժմ էլ շարունակում եք սատարել ինձ: Ես զգում եմ իմ ժողովրդի, ամբողջ աշխարհից տարբեր ազգությունների ու դավանանքների մարդկանց հսկայական աջակցությունը: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ Օլիմպիական խաղերի պատվո հարթակին` իր երկրի օրհներգի հնչյունների և դրոշի ներքո և ես բացառություն չեմ: Ես ամբողջ կյանքում երազել եմ և ձգտել եմ Օլիմպիական այդ գագաթին: Այդ դժվարին ճանապարհը ինձնից հսկայական ջանքեր է պահանջել…Ես երազում էի այն օրվա մասին, երբ կկարողանամ պայքարել Օլիմպիական ոսկու համար և այդ երկար սպասված պահը եկավ…»,-ասվում է գրառման մեջ:

Միհրան Հարությունյանը գրել է նաև, որ Ռիոյի ճանապարհին շատ են եղել անարդարություններն իր հանդեպ, բայց որքան էլ ծանր ու վիրավորական է եղել իր համար, նա համբերությամբ է զինվել և ոչինչ չի ձեռնակել` Ռիո-2016-ի սպասումով: «Ես հուսով էին, որ անարդարությունները վաղ թե ուշ կհեռանան ինձնից: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ և ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Դա վերջնականապես հիասթափեցրեց ինձ, ուստի չկարողացա զսպել ինձ: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել, ես չեմ տեսել հարազատներիս մոտ 150 օր, որպեսզի լիովին նվիրվեմ Ռիոյին նախապատրաստվելուն…»,-ասվում է գրառման մեջ:

«Միթե ամբողջ սպորտային աշխահն աչք կփակի նաև այս հանցագործության վրա: Ոչ միայն իմ հանդեպ, շատերն են զրկվել վաստակած պարգևներից: Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, քանի որ Հայաստանը ոչինչ չի որոշում ըմբշամարտի աշխարհում, քանի որ որոշողները սերբերն են կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքրաթիվ, բայց մեծ ժողովուրդ ենք: Կցանկանայի երախտագիտությունս հայտնել նաև Ռուսաստանին և այնտեղ ապրող բոլոր մարդկանց` ես այնտեղ եմ մեծացել և այնտեղ եմ ապրում, սիրում եմ այդ երկիրն ու այդ մարդկանց»,-գրել է նա:

Հարությունյանը հավելել է, որ մարզչական շտաբի, հարազատների, մերձավորների ու իր ժողովրդի շնորհիվ 100 տոկոսով պատրաստ էր այս Օլիմպիադային` տրամադրված ու նախապատրաստված: «Ինձ հաջողվեց լավ պայքար ցուցադրել և լավ արդյունքի հասնել` շնորհակալ եմ Աստծուն դրա համար: Կցանկանայի շնորհավորել իմ ընկեր և թիմակից Արթուր Ալեքսանյանին Օլիմպիական խաղերում նվաճած ոսկու կապակցությամբ` նա արժանի էր այդ հաղթանակին: Ինչպես նաև շնորհավորում եմ մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին արծաթե մեդալների կապակցությամբ»,-ասված է գրառման մեջ:

Օլիմպիական մրցանակակիրը նշել է նաև, որ ամեն անգամ գոտեմարտի դուրս գալով պայքարել է ոչ միայն թիկունքին գրած իր ազգանվան համար, այլ նաև հանուն իր Հայրենիքի և ընտանիքի: «Դահլիճում չհնչեց իմ երկրի օրհներգը, իմ հարազատների ցավն ամեն ինչ կլանում է…»,-գրել է նա:

Եվ որպես հետգրություն Հարությունյանը հավելել է, որ «չարժե վիրավորել սերբ @davorstefanek-ին, նա վատ ըմբիշ չէ. լավ էր պաշտպանվում: Եվ հետո մենք հիմա նրա հետ միասնություն ենք կազմում: Ամեն առավոտ նա հիշելու է իմ անունը` անելու է դա ամեն անգամ նայելով մեդալին, որն իրավամբ ինձ է պատկանում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Change.org կայքում ստորագրահավք է սկսվել հօգուտ Միհրան Հարությունյանի, որն արդեն մոտ 33.000 մարդ է ստորագրել: Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում միջազգային ֆեդերացիաներին, ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիային, վերականգնել արդարությունը:

«Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է պահանջագրում, որը տեղադրված է Change.org կայքում:

Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. ՀՀ և Ուկրաինայի ֆեդերացիաները կբողոքարկեն Ռիոյում ըմբշամարտի մրցավարությունը